09.06.2023
Հայաստանը հյուրընկալել է «CyberGEN 2023» կիբեռանվտանգության երկրորդ միջազգային համաժողովի մասնակիցներին
Մայիսի 31-ից հունիսի 2-ը Կենտրոնական բանկը մի քանի առևտրային բանկերի և ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համատեղ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպել էր «CyberGEN 2023» կիբեռանվտանգության երկրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են տարբեր պետական կառույցների, ֆինանսական հատվածի, ՏՏ մասնավոր հատվածի, համալսարանների և արտերկրյա կենտրոնական բանկերի ու կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ են ունեցել ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը և CQURE ընկերության տնօրեն Պաուլա Յանուսզկևիչը:
Համաժողովին ներկա են եղել կիբեռանվտանգության լավագույն փորձագետներ ու ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ մի շարք երկրներից՝ ԱՄՆ, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա, Ռուսաստան, Քենիա և այլն։ Համաժողովին ելույթներ են ունեցել և փորձով կիսվել են բանախոսներ Google Cloud/Mandiant, Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Cloudeflare, CQURE, Kaserski, F5 և այլ հայտնի կազմակերպություններից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիբեռանվտանգության խնդիրները գնալով կարևորվում են, և ապագայում բոլորն առնչվելու են դրանից բխող ռիսկերին, Կենտրոնական բանկը Տեղեկատվական համակարգերի գործակալության հետ հետագայում ևս շարունակելու է ջանքեր ներդնել ինչպես ԿԲ-ում, ֆինանսական հատվածում, այնպես էլ հանրապետությունում կիբեռանվտանգության ոլորտում գիտելիքի տարածման և փորձի փոխանակման գործում:
CyberGEN 2024-ը նախատեսվում է անցկացնել 2024 թ. մայիս-հունիս ամիսներին:
______________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունհեռ. (010) 592592-0702էլ-փոստ. mcba@cba.amwww.cba.am