Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ Վերադարձ



​ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
02.03.2026
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ 

2026 թվականի մարտի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը:

 
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ
 

 
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ (1876–1953 թթ.)՝ ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի վարժարանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի, ապա Ստրասբուրգի համալսարաններում՝ աշակերտելով ժամանակի մեծանուն հայագետների:
1898–1923 թթ. մանկավարժական գործունեություն է ծավալել Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Կարինում, Թավրիզում և այլուր։ Շրջելով պատմական Հայաստանի շատ վայրերում՝ ուսումնասիրել է բարբառներ, հավաքել հայագիտության տարբեր ճյուղերին վերաբերող նյութեր։ 
1923 թ.  Աճառյանը հրավիրվել է  դասավանդելու Երևանի պետական համալսարանում՝ հնարավորություն ստանալով զբաղվելու գիտական գործունեությամբ։ 1924 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, ապա գլխավորել է արևելյան լեզուների ամբիոնը և վարել տարբեր դասընթացներ` հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, գրաբար, բարբառագիտություն, հայ հին մատենագրություն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, սանսկրիտ  և այլն:
Աճառյանը հեղինակել է շուրջ 200 գիտական աշխատություն, այդ թվում՝ «Հայ բարբառագիտություն» (1911 թ.), «Հայերենի արմատական բառարան» (1926–1935 թթ.), «Հայոց անձնանունների բառարան» (1942–1962 թթ.), «Հայոց լեզվի պատմություն» (1940–1945 թթ.), «Հայոց լեզվի լիակատար քերականություն» (1952–1971 թթ.) բազմահատոր ուսումնասիրությունները, որոնք արժեքավոր են ոչ միայն հայերենագիտության, այլև համաշխարհային լեզվաբանության համար:
Աճառյանն անդրադարձել է նաև պատմական ոլորտի հարցերին. «Հայ գաղթականության պատմություն» գիրքն այդ շարքից է։  
Հրաչյա Աճառյանի անունով են կոչվում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, բնակելի թաղամաս և փողոց Երևանում: 

Դիմերես` Հրաչյա Աճառյանի հեղինակած «Հայերենի արմատական բառարան» գրքի շապիկը և հատված Աճառյանի ձեռագրից:
Դարձերես՝ Հրաչյա Աճառյանի դիմապատկերը՝ գրաֆիկական կատարմամբ, և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Անի Աճառյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:


Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2026
​

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: 
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ այս հղումով



_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next