ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ02.10.2026
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
2026 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «COP17» արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին:
COP17. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նվիրված հուշադրամ
Կենսաբազմազանության կոնվենցիան գլոբալ բնապահպանական երեք կոնվենցիաներից մեկն է, որը համակարգում է միջազգային ջանքերը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի հարակայունությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը:
Կոնվենցիայի շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը՝ Կողմերի համաժողովը կամ COP-ը (Conference of Parties), երկու տարին մեկ հրավիրում է 196 անդամ երկրների, որոնք միասին մշակում են կիրարկման մեխանիզմներ ու ապահովում դրանց իրականացումը:
Հայաստանը 2026 թվին հյուրընկալում է COP17-ը և մինչև 2028 թիվը ստանձնում կոնվենցիայի նախագահությունը՝ հանձնառելով մեկտեղել մարդկության առջև ծառացած բնապահպանական մարտահրավերներին դիմագրավելու միջազգային ջանքերը։
COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։
Դիմերես` ՀՀ զինանշանը և ոճավորված եռագույնը:
Դարձերես` COP17-ի պատկերանիշը՝ ոճավորված երևանյան կապտաթիթեռի տեսքով, «COP17, YEREVAN, ARMENIA», «TAKING ACTION FOR NATURE» («ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ») մակագրությունները:
Էսքիզների հեղինակ՝ Աննա Կուրղինյան:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը |
1000 դրամ |
| Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
| Քաշը |
33,6 գ |
| Տրամագիծը |
40,0 մմ |
| Որակը |
պրուֆ |
| Դրամաշուրթը |
ատամնավոր |
| Թողարկման քանակը |
300 հատ |
| Թողարկման տարեթիվը |
2026 |
«COP17» հուշադրամը, հավաստագիրը և տեղեկատվական գրքույկը պատրաստված են վերամշակված նյութերից:
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի
«Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ այս
հղումով
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am