Կենտրոնական բանկի աջակցությամբ Հայաստանում շախմատային միջազգային մրցաշար է անցկացվել
Օգոստոսի 1-ից 9-ը ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է հայ անվանի շախմատիստ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային հուշամրցաշարը: Դիլիջան էին ժամանել նաև շախմատիստներ Վրաստանից, Իրանից և Լեհաստանից։ ՀՀ ԿԳՄՍՆ ու Երևանի շախմատի ֆեդերացիայի ջանքերով կազմակերպված միջոցառմանն աջակցել է ՀՀ կենտրոնական բանկը։
«Այս մրցաշարի շնորհիվ նախ մենք ոգեկոչում ենք Արսեն Եղիազարյանի հիշատակը և, իհարկե, փորձում ենք մասնակցություն ունենալ մեր երկրում այս ինտելեկտուալ մարզաձևի էլ ավելի զարգացմանն ու մասսայականացմանը», - ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Շախմատային հեղինակավոր կայքերն առցանց՝ ուղիղ ձևաչափով լուսաբանել են երկրորդ տարին Հայաստանում կազմակերպվող մրցաշարը, որն իր ուրույն տեղն ունի շախմատային օրացույցում:
Մրցաշարը ՖԻԴԵ-ի դասակարգման 6-րդ կատեգորիայի է` միջազգային գրոսմայստերի նորմայով, միջին գործակիցը 2393 է:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մրցաշարի կազմակերպմանը նաև մյուս տարի: Կազմակերպիչները ևս կարևոր են համարում մրցաշարի շարունակականությունը: Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի կարծիքով մրցաշարը մասնակիցների համար հիմնականում փորձ ձեռք բերելու հարթակ է: «Ինչ-որ իմաստով սա լավ հնարավորություն կտա մերոնց այս ձևաչափում ևս իրենց ուժերը փորձելու այլ երկրներից ժամանած շախմատիստների հետ», - ընդգծել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Մրցաշարում առաջին տեղը գրավել է Լեհաստանը ներկայացնող մասնակիցը: Նա լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմը: Յակուբ Կոսակովսկին շախմատ է խաղում 15 տարի: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում, բայց իսկապես սիրեցի այս երկիրը: Հիացած եմ՝ որքան լավ էր այստեղ ամեն ինչ կազմակերպված: Սա իմ առաջին հաղթանակը չէ, բայց իմ կյանքում ամենակարևոր հաղթանակներից մեկն է», - նշել է Յակուբ Կոսակովսկին:
Հաջողության է հասել նաև մասնակիցներից Արսեն Դավթյանը: Նա լրացրել է միջազգային վարպետի նորմը: Մրցաշարի կազմակերպիչները վստահեցնում են՝ սա երիտասարդ շախմատիստների համար հիանալի առիթ է՝ իրենց վարպետությունը կատարելագործելու և նորմերը լրացնելու առումով:
Մրցաշարի կրտսեր մասնակիցներից 14 տարեկան Բենիկ Ագասարովն էլ ասել է, որ մրցաշարից ստացել է այն, ինչն իսկապես անհրաժեշտ է յուրաքանչյուր շախմատիստին՝ մասնագիտական ճանապարհն անցնելու համար: «Մրցույթն օգնեց, որ կարողանամ միջազգային վարպետի նորմը լրացնել, վարկանիշ բարձրացնել», - ասել է պատանի շախմատիստը:
«ԿԲ-ի նման ինստիտուտի մասնակցությունն այս միջոցառման կազմակերպմանը խոսում է շախմատի նկատմամբ թե՛ հանրային, թե՛ պետական բարձր և ընդգծված վերաբերմունքի մասին», - նշել է Մխիթար Հայրապետյանը:
Երևանի շախմատի ֆեդերացիան Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին պարգևատրել է հատուկ մրցանակով:
Դիլիջան, Երևան − 10.08.2023