ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ13.11.2023
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես Ապարանում
Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ դրամի 30-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկը նոյեմբերի 11-16-ը Ապարան քաղաքում կազմակերպել է Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Ապարան համայնքի մշակույթի կենտրոնում։
Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով դիմեցին ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանը:
Ողջունելով ցուցահանդեսի բացման մասնակիցներին, Դավիթ Նահապետյանը նշեց, որ Ապարանում կազմակերպվող արտագնա ցուցադրությունը նշանավորում է հայկական դրամի ներդրման 30-ամյակը, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: ԿԲ խորհրդի անդամը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները 30 տարի առաջ՝ նոյեմբերի 22-ին, շատ բարդ և դժվար իրավիճակում գնացին վճռական քայլի և ներդրեցին հայկական դրամը, երբ տնտեսությունը դեռևս կայացման փուլում էր, իսկ երկիրը՝ պատերազմի մեջ: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ հայկական դրամը մեր երկրի հետ պատվով անցավ բոլոր դժվարություններով, և այսօր մենք ունենք կայացած ազգային արժույթ, որը վայելում է մեր հայրենակիցների վստահությունը, ինչպես նաև ամբողջ աշխարհում ներկայացնում Հայաստանի հարուստ պատմական ու մշակութային ժառանգությունը: ԿԲ խորհրդի անդամը հավելեց, որ ցուցահանդեսի շրջանակում այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ Կենտրոնական բանկի գործունեությանը:
Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանը շնորհավորեց ներկաներին հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ և նշեց, որ դրամը մեր ազգային յուրահատուկ խորհրդանիշներից է: Նա ասաց, որ դրամի 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդեսը կրում է կրթական բնույթ՝ համայնքի դպրոցականները կարող են ծանոթանալ տարբեր ֆինանսատնտեսական տեղեկատվական ու հանրամատչելի նյութերի:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց երեխաների համար հեքիաթագիր Արփի Մաղաքյանի «Արտավազդ արքայի հեքիաթը» գրքի շնորհանդեսը: Հեղինակը ներկայացրեց գրքի պատմությունը, հերոսների և հայոց հնագույն դրամների արկածները:
Ցուցահանդեսում ներկայացված են Արտաշեսյան արքայատոհմի տիրակալներ Տիգրան II Մեծի (մ.թ.ա. 95-55 թթ.), Արտավազդ II-ի (մ.թ.ա. 55-34 թթ.), Տիգրան IV-ի (մ.թ.ա. 2 - մ.թ. 1 թթ.) թողարկումները (արծաթե տետրադրախմաներ, դրախմաներ, պղնձե դիխալկոսներ, խալկոսներ), Արտաշատ մայրաքաղաքի դրամները (մ.թ. 1-2 թթ.), Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամները, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները, ինչպես նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության 1993 թ․ մինչ օրս թողարկված թղթադրամների և մետաղադրամների բոլոր շարքերը, ՀՀ հուշադրամները:
Ցուցահանդեսի շրջանակում Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման մասնագետները հանդես են գալու դասախոսություններով:
Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 16-ը:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am