ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ22.09.2024Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես Կողբում Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը Նոյեմբերյան խոշորացված համայնքի Կողբ գյուղի «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի շենքում:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։
Կենտրոնական բանկի նախագահի տեղեկալ Հովհաննես Խաչատրյանը շնորհավորեց ներկաներին Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ, և նշեց, որ անկախության ձեռքբերումից երկու տարի անց ներդրվեց մեր ազգային արժույթը՝ հայկական դրամը, որը Հայաստանի անկախության կարևոր տարրերից է։ Հովհաննես Խաչատրյանն ընդգծեց, որ հայկական դրամը նպաստել է Հայաստանի Հանրապետության ֆինանսական առումով կայացմանը։
Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպման համար և նշեց, որ համայնքի բնակիչները սիրով կմասնակցեն ցուցահանդեսում կազմակերպվող շրջայցերին և դասընթացներին։
Ցուցահանդեսի առաջին այցելուները շրջայցով ծանոթացան պատմական և ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, որին նախորդեց Արփի Մաղաքյանի «Տիգրան Մեծի հեքիաթը» գրքի շնորհանդեսը երեխաների համար։
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսներ կազմակերպել է ՀՀ բոլոր մարզկենտրոններում, այժմ այն անցկացվում է մարզային մյուս խոշոր համայնքներում:
2023 թվականին դրամի պատմական ուղին ներկայացվել է Ապարանում, իսկ այս տարվա ապրիլ ամսին՝ Սիսիանում:
_____________________________________________________________________ Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն հեռախոս. (374-10) 592592-0702 էլ-փոստ. mcba@cba.am www.cba.am