2024 թվականի հոկտեմբերի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0,6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0.7%:
2024 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միջազգային ապրանքահումքային շուկայում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ: Միաժամանակ, գործընկեր երկրներում՝ հատկապես ԱՄՆ-ում, շարունակում է նկատվել աշխատաշուկայի պայմանների մեղմացման թույլ ազդակներ` ուղեկցվելով պահանջարկի որոշակի ճշգրտմամբ: Մյուս կողմից` էականորեն ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի վերաբերյալ անորոշությունները: Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում կշարունակեն քաղաքականության տոկոսադրույքների աստիճանական թուլացումը՝ դեռևս պահպանելով դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ՝ ներառելով վերևի ուղղությամբ որոշակի ռիսկեր:
2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է՝ դեռևս ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակից բարձր: Ակտիվության աճին մեծապես նպաստել է շինարարության, ծառայությունների և առևտրի ճյուղերի զգալի աճը: Այն շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Չնայած ընթացիկ բարձր տնտեսական ակտիվությանը՝ ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է թուլանալ: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները շարունակում են ճշգրտվել՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի կայունացմամբ: Այս զարգացումներին զուգահեռ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը պահպանվում են։
Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Ա տիպի), որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ ցածր գնաճային սպասումների և թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում՝ արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն նաև կարևորելով Ա տիպի սցենարներից բխող էական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% նպատակի և գների կայունության ապահովման համար:
Բ. Տնտեսական իրավիճակի ամփոփագիր
Համաշխարհային տնտեսություն
2024 թ-ի 3-րդ եռամսյակում, հիմնական գործընկեր երկրներում շարունակել են արձանագրվել ոչ միանման տնտեսական զարգացումներ: Մի կողմից՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում շարունակաբար գրանցվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստում է ներքին սպառման՝ հատկապես ծառայությունների բարձր աճը, մյուս կողմից՝ Եվրոգոտում և Չինաստանում նկատվում է ակտիվության դանդաղում՝ ներքին պահանջարկի թուլացմամբ պայմանավորված: Համաշխարհային տնտեսությունում, ընդհանուր առմամբ, պահպանում են ակտիվության դանդաղման ռիսկերը:
ԱՄՆ-ում տնտեսության հիմնարարների շուրջ բարձր անորոշությունը շարունակում է պահպանվել: Այսպես, չնայած վերջին եռամսյակների ընթացքում շուկայական տոկոսադրույքների ձևավորված բարձր մակարդակներին, սպառումը ԱՄՆ-ում շարունակում է աճել բարձր տեմպերով՝ նպաստելով տնտեսական բարձր ակտիվության պահպանմանը: Զուգահեռաբար, ֆինանսական ակտիվների գները շարունակում են աճել, ստեղծելով սպառման՝ բարձր մակարդակում պահպանման ռիսկեր։ Այս պայմաններում, թեև ընդհանուր գնաճը աստիճանաբար մոտենում է թիրախին, հիմնարար գնաճը բնութագրող որոշ ցուցանիշներ, այդ թվում՝ կոշտ գներով բնութագրվող ապրանքների գնաճը և աշխատավարձերի աճը դեռևս ձևավորվում են թիրախային մակարդակից զգալիորեն բարձր: Վերոնշյալ զարգացումները շարունակում են որոշակի մարտահրավերներ ստեղծել դրամավարկային մարմինների համար՝ գնաճը վերջնականապես թիրախին մոտեցնելու և գների կայունության հանձնառության ապահովման տեսանկյունից:
Մյուս կողմից՝ դեռևս խիստ դրամավարկային և վարկավորման պայմանների միջավայրում պահպանվում են աշխատաշուկայի հետագա, անցանկալի թուլացման ռիսկերը։ Ավելին, նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանների թուլացումը կարող է ենթադրել ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից ավելի մեծ պատրաստակամություն քաղաքականության դիրքի հետագա թուլացման տեսանկյունից: Այս պարագայում, հաշվի առնելով տնտեսության և աշխատաշուկայի արագ ճշգրտումը և, մյուս կողմից՝ դեռևս բարձր սպառման և պահանջարկի պայմանների պահպանման ռիսկերը՝ առաջիկայում հիմնական անորոշությունը վերաբերում է քաղաքականության դիրքի թուլացման արագությանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում պահպանվում են միջնաժամկետ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ ԴՊՀ-ի քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ երկարաժամկետ տոկոսադրույքների ու զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա:
ԵԿԲ-ն 2024 թ-ի սեպտեմբերին որոշեց նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը ևս 25 բազիսային կետով՝ ընթացիկ տարում արդեն 3-րդ անգամ։ Թեև ծառայությունների ոլորտը` արտաքին պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված, նպաստել է տնտեսական աճի որոշակի վերականգնմանը, աճի հեռանկարները և կառուցվածքը, հատկապես արդյունաբերության ուղղությամբ, մնում են մտահոգիչ։ Ընդհանուր գնաճը նվազում է՝ ապրանքների գնաճի թուլացման հաշվին, իսկ ծառայությունների գնաճը պահպանվում է բարձր մակարդակում՝ արտահայտելով տնտեսության տարբեր հատվածներում զարգացումների միջև բևեռացման խորացումը։ Սա պարունակում է էական մարտահրավերներ ԵԿԲ քաղաքականության ճշգրտման արագության և գնաճի նպատակի ապահովման տեսանկյունից:
Հատկանշական է, որ Եվրոգոտում թույլ տնտեսական աճի պահպանման ռիսկերը, ինչպես նաև Չինաստանում անշարժ գույքի շուկայի, և ընդհանուր առմամբ, ներքին պահանջարկի շարունակական թուլացումը մնում են համաշխարհային տնտեսության՝ ավելի թույլ հեռանկարների վերաբերյալ հիմնական անորոշության աղբյուրները:
ՌԴ տնտեսական աճը պահպանվում է բարձր մակարդակում, որին շարունակում են նպաստել ինչպես խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, այնպես էլ մասնավոր ծախսումների զգալի աճը: Նման միջավայրում, ռազմական արդյունաբերության և մասնավոր հատվածի միջև աշխատուժի համար մրցակցության խորացումը լարված աշխատանքի շուկայի պայմաններում կարող է հանգեցնել գնաճային ռիսկերի ուժգնացմանը։ Այս համատեքստում, 2024 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանի ԿԲ-ն շարունակել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 21%։ Մյուս կողմից՝ ավելի խիստ և թիրախավորված արևմտյան պատժամիջոցները, հարկաբյուջետային քաղաքականության դիրքի աստիճանական չեզոքացման պայմաններում, շարունակում են որոշակի ռիսկեր պարունակել ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից:
Համաշխարհային ապրանքահումքային շուկայում պարենային ապրանքների գները սեպտեմբերին որոշակիորեն աճել են՝ հիմնականում պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով և ձևավորվել են նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր մակարդակներում: Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության խորացումը շարունակում է ռիսկեր պարունակել նավթի գների և տատանողականության հնարավոր աճի, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների խաթարումների վերաբերյալ: Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի հետագա թուլացման պարագայում, ապրանքահումքային շուկաներում կարող են արձանագրվել գնանկումային ճնշումներ:
Ներքին պահանջարկի պայմաններ
2024 թ-ի 3-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակել է աստիճանաբար թուլանալ՝ ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող (5%-ի շուրջ) մակարդակից բարձր և հունվար-սեպտեմբերին կազմել է տ/տ 8.7%: Աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը: Հարկ է նշել, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղմանը զուգընթաց որոշակիորեն թուլացել է աճի կենտրոնացվածությունը: Սակայն, դեռևս ներուժային մակարդակից բարձր և հիմնականում փոքր թվով ենթաճյուղերում կենտրոնացված տնտեսական աճը անորոշություններ է պարունակում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ:
2022 թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը 2024 թ-ին աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ և զբոսաշրջիկների իրական ծախսերի նվազմամբ: Համաշխարհային պահանջարկի թուլացման ֆոնին ՏՏ ծառայությունների թողարկման և արտահանման մասով պահպանվել են դանդաղման միտումները՝ բարձր արտադրողական օտարերկրյա աշխատուժի որոշակի արտահոսքի պայմաններում։ Մյուս կողմից՝ արտաքին առևտրային հոսքերի նվազմանը զուգահեռ նկատվում են արդյունաբերության «ավանդական» ենթաճյուղերի (այդ թվում՝ կոնյակ, ծխախոտ, պատրաստի սնունդ, և այլն) թողարկման և արտահանման ընդլայնման որոշակի ազդակներ։ Այդուհանդերձ, վերոնշյալ ճյուղերի աճի վերաբերյալ ռիսկերը պահպանվում են:
Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ մանրածախ առևտրի, սպառողական վարկերի, ներքին տուրիզմի և ծառայությունների բարձր աճերը վկայում են ուժեղ ներքին պահանջարկի մասին: Այս համատեքստում, սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը: Մյուս կողմից՝ դեռևս կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը և ընդհանուր թույլ գնաճային միջավայրը կարող են վկայել պահանջարկի համեմատաբար թույլ միջավայրի մասին: Պահպանվում են անորոշությունները նաև ներքին պահանջարկի հեռանկարի տեսանկյունից: Սա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը և կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին: Այս իրավիճակում խնայողությունների օգտագործման ուղղությունից և վարկավորման զարգացումներից կախված՝ համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել: Հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման հնարավոր ռիսկերը ևս մնում են առարկայական: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի շարունակական թերակատարման և դրան զուգահեռ սոցիալական աջակցության լրացուցիչ ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով:
Աշխատանքի շուկա և գնաճ
Աշխատանքի շուկայի զարգացումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է: Ըստ 2024 թ-ի 2-րդ եռամսյակում տնային տնտեսությունների աշխատուժի վերաբերյալ արված հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակը նախորդ եռամսյակի համեմատությամբ նվազել է՝ կազմելով 13.8%, ինչը, սակայն, շուրջ 2.0 տոկոսային կետով ավելի բարձր է նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ: Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել դրանցից ածանցվող հնարավոր սցենարները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման և ճշգրտման գործոն՝ հաշվի առնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գործազրկության մակարդակի աճը տեղի է ունեցել զբաղվածների նվազման (ըստ տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների՝ մոտ 20 հազար), այլ ոչ թե աշխատուժի առաջարկի ավելացման հաշվին: Սա համահունչ է նաև ընթացիկ տարվա ընթացքում նկատվող օտարերկրյա աշխատողների (օր.՝ Հնդկաստանի քաղաքացիների) որոշակի արտահոսքի հետ: Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակը (ըստ ՊԵԿ տվյալների բազայի) շարունակել է աճել՝ վերջին մեկ տարում՝ մոտ 34 հազարով: Վերջինս կարող է վկայել տնտեսությունում աշխատանքի շուկայի ավելի խիստ պայմանների առկայության մասին: Այս համատեքստում, որպես այլընտրանքային մեկնաբանություն, գրանցված աշխատողների թվաքանակի աճը կարող է ենթադրել աշխատանքի շուկայի ստվերային հատվածի աստիճանական նվազում և ֆորմալ զբաղվածության աճ:
Վերջին ամիսներին նկատվել է աշխատավարձերի աճի որոշակի արագացում, սակայն այն դեռևս ցածր է արտադրողականության աճի և գնաճի թիրախին համահունչ մակարդակից՝ կազմելով շուրջ 6.0%: Միջնաժամկետում ու երկարաժամկետում աշխատաշուկայի պայմանների և շուկայից բխող ճնշումների հետագա թուլացման աղբյուր կարող է լինել նաև աշխատուժի առաջարկի հնարավոր լրացուցիչ ավելացումը: Այստեղ հիմնական անորոշությունը կապված է ՀՀ աշխատաշուկային Արցախից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման արագության, ինչպես նաև օտարկերկրյա քաղաքացիների համար դեպի ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման պայմանների հնարավոր խստացման ռիսկերի, դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային ինտեգրման հնարավորության հետ: Մյուս կողմից՝ վերջին ամիսներին նկատվում է ոչ ռեզիդենտ զբաղվածների թվի որոշակի նվազում: Նմանատիպ միտումների պահպանումը կամ արագացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսությունում աշխատուժի առաջարկի, այնպես էլ ներուժային ՀՆԱ-ի վրա:
2024 թ-ի 3-րդ եռամսյակում տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է՝ մեծամասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող թույլ գնաճային միջավայրով, ինչպես նաև արտաքին պահանջարկի թուլացմամբ: Այս իրավիճակում, 2023 թվականի ապրիլից 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2024 թվականի սեպտեմբերին կազմելով 0.6%: Հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով տ/տ 3%: Միջազգային շուկայում պարենի գների արձանագրվող աճը մասամբ արտացոլվել է ներմուծված պարենի գներում: Զուգահեռաբար, արտաքին պահանջարկի հետ կապված ծառայությունների գնաճը շարունակել է նվազել՝ արտահայտելով պահանջարկի դանդաղման միտումները: Այնուամենայնիվ, տնային տնտեսությունների գնաճային սպասումների հետ կապված անորոշությունները դեռևս պահպանվում են:
Դրամավարկային քաղաքականություն
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների կողմից սպասումները նախորդ հարցումների համեմատությամբ որոշակիորեն ճշգրտվել են ներքևի ուղղությամբ և արտահայտում են առաջիկա 8 որոշումների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազման ուղեգիծը: Եկամտաբերության կորի կարճ հատվածը քաղաքականության տոկոսադրույքի նախորդ որոշումներից հետո որոշակիորեն տեղաշարժվել է ներքև, իսկ երկարաժամկետ հատվածը մնացել է կայուն։ Միաժամանակ, ըստ ԿԲ գնահատման, եկամտաբերության կորի ընթացիկ ցուցանիշներում, բացի տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի սպասումներից, գնանշված են ռիսկի տարբեր գործոններ:
Ի տարբերություն զարգացող երկրներում արձանագրվող երկրի ռիսկի հավելավճարի առավել էական նվազումներին՝ Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը ընթացիկ տարում պահպանվում է երկրի հիմնարարներով պայմանավորված երկրարաժամկետ կայուն մակարդակից զգալիորեն ցածր։ Այդուհանդերձ, վերջինս պարունակում է պարտքի կայունության, աշխարհաքաղաքական, այդ թվում՝ սահմանային լարվածության, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անորոշություններ։ Այս համատեքստում, երկրի ռիսկի հավելավճարի՝ վերևի ուղղությամբ հնարավոր ճշգրտումը ռիսկեր է պարունակում չեզոք տոկոսադրույքի դեպի վերև վերանայման տեսանկյունից, ինչը, այլ հավասար պայմաններում, առավել խթանող ԴՎՔ դիրքի ներքո պարունակում է առավելապես գնաճային ռիսկեր: Միևնույն ժամանակ, ՀՀ մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են երկրի ռիսկայնության հնարավոր վերագնահատման և չեզոք տոկոսադրույքի նվազման տեսանկյունից:
ՀՀ ԿԲ-ն, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը խելամիտ կառավարելու նպատակով, կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները պահանջում են քաղաքականության՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք, միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար։ Նշված սցենարները հիմնականում ներառում են հետևյալ ռիսկերն ու անորոշությունները՝
• ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի երկար և բարձր մակարդակում պահպանման ռիսկեր,
• համաշխարհային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր սրացումից ածանցվող առաջարկի արժեշղթաների խաթարման հետ կապված ռիսկեր,
• բյուջեի պակասուրդի և աշխարհաքաղաքական լարվածության պարագայում երկրի ռիսկի հավելավճարի հետ կապված անորոշություն,
• շարունակական ավելցուկային պահանջարկի պայմաններ և բարձր գնաճային սպասումներ, և այլ ռիսկեր ու անորոշություններ:
Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ նվազման ուղի: Այս տեսակի սցենարները ներառում են հետևյալ ռիսկերն ու անորոշությունները.
• ներքին տնտեսությունում շատ ավելի թույլ համախառն պահանջարկի պայմանների հետ կապված ռիսկեր,
• ՀՀ աշխատաշուկայի պայմանների արագ ու կտրուկ թուլացման հետ կապված սցենարներ,
• անշարժ գույքի շուկայում բնակարանաշինության ոլորտի հնարավոր արագ կրճատման վերաբերյալ մտահոգություններ,
• տնտեսության իրական հատվածում կուտակված խնայողությունների հաշվին ներդրումների բարձր աճի հնարավոր սցենարներ,
• համաշխարհային պահանջարկի կտրուկ նվազման ռիսկեր, և այլ ռիսկեր ու անորոշություններ: