ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բնորոշմամբ Ֆինանսական կայունության ապահովումը ֆինանսական համակարգը փլուզումից կամ խափանումից զերծ պահելն է, այնպես, որ համակարգը շարունակի ապահովել անհրաժեշտ իրացվելիության մակարդակ, գործարքների և փոխանցումների անխափան իրականացում, տնտեսությունում խնայողությունների ներդրման ունակության պահպանում:
Ֆինանսական կայունության ամենաընդհանուր սահմանմամբ այն ընկալվում է որպես ֆինանսական հաստատությունների և ֆինանսական շուկաների կայունություն, և ոչ թե առանձին վերցրած հաստատության սնանկության և/կամ ակտիվների գների տատանողականության բացակայություն:
Ֆինանսական կայունության ապահովումը ենթադրում է ռիսկերի հիմնական աղբյուրների, ֆինանսական ռիսկերի ոչ ճիշտ կառավարման, ակտիվների գների ձևավորման անարդյունավետության բացահայտում և համապատասխան քաղաքականության իրականացում:
Կայուն ֆինանսական համակարգը էական դեր ունի տնտեսության առողջ զարգացման համար: Այդ տեսանկյունից անհրաժեշտ է վստահ լինել, որ ֆինանսական համակարգը ապահով է և կայուն, ունակ է պատշաճ կերպով տնտեսությանը մատուցել հիմնական ֆինանսական ծառայությունները:
Ֆինանսական կայունության ապահովումը հանդիսանում է մի շարք երկրների կենտրոնական բանկերի առաջնային խնդիրներից մեկը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ցածր գնաճը, գործազրկության մակարդակը, բարձր տնտեսական աճը, որպես դրամավարկային և այլ պետական մարմինների խնդիրներ, ժամանակակից տնտեսություններում չեն կարող ապահովվել առանց զարգացած և կայուն ֆինանսական համակարգի միջնորդության, որի միջոցով են դրամավարկային քաղաքականության միջոցառումները արդյունավետորեն փոխանցվում տնտեսության մյուս հատվածներին: